Հայկական հեքիաթներ

Հայկական հեքիաթներ

Հ. Թումանյան

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

 

ԷՍ ԷՆ Է

1.

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

7.

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8.

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9.

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

10.

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11.

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Երկինքը փուլ է գալիս

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:
— Վա ˚̃յ, Հավիկ- Մարիկ,-կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հավիկ- Մարիկը:
— Օ˚̃, ես իմ աչքովը տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, արի փախչենք,-ասում է Հավիկ- Մարիկը: Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
— Վա ˚̃յ, Բադիկ- Տատիկ,-կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,-ասում է Բադիկ-Տատիկը: Վազում են, վազում, հասնում են Սագիկ-Խաթունին:
— Վա ˚̃յ, Սագիկ-Խաթուն,-կանչում է Բադիկ-Տատիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Բադիկ-Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ-Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ-Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,-ասում է Սագիկ- Խաթունը: Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:
— Վա ˚̃յ, Հնդու- Թնդու,-կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հնդու- Թնդուն:
— Բադիկ-Տատիկն է ասում:
— Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: – Դե, եկեք փախչենք,-ասում է Հնդու- Թնդուն: Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:
— Աղա- Աղվես, Աղա- Աղվես,-կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Հնդու- Թնդու, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Աղա- Աղվեսը:
— Սագիկ- Խաթունն է ասում:
— Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար:
— Բադիկ –Տատիկն է ասում:
— Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ: – Էդ ի˚նչ եք ասում,-ասում է Աղա- Աղվեսը, – եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա: Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա – Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը: Մտնում են նրա որջն ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

 

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում:

Advertisements